Category: Հրապարակումներ
Published on 21 September 2015
Print

Անկախության առաջին ցույցը... Դա տեղի ունեցավ 1988-ի մայիսի 28-ին, Ազատության հրապարակում՝ երբ դեռ չէր ծնվել սեպտեմբերի 21-ը: 1920 թվականից 68 տարի հետո Երեւանում առաջին անգամ նշվեց Հայաստանի Հանրապետության անկախության օրը: Նախորդած ամիսների Ղարաբաղյան ցույցերից հետո, երբ ամեն ինչ զգուշորեն ուղղորդվում էր «Լենին, Պարտիա, Գորբաչյով» սովետահպատակ կարգախոսներով, այս ցույցի խորհուրդը շատ անսպասելի էր, եւ կարելի է ասել հեղափոխական ու շրջադարձային դարձավ բոլորիս համար: Առաջին անգամ բաց խոսվեց անկախության գաղափարի մասին, վեր հանվեցին մոռացության մատնված մեր մեծ ազգային գործիչների անուններն ու գործերը, վերջապես առաջին անգամ Երեւանում բարձրացվեց հայկական եռագույնը՝ որը մոտ ապագայում նորից էր դառնալու մեր պետական դրոշը:

 

Հիմա նայում էի տեսագրությունը եւ կրկին վերապրում այն ամենը, ինչը տեղի է ունեցել 27 տարի առաջ՝ բառացիորեն մեր աչքերի առջեւ: Այդ ցույցի մասին նախապես արդեն տեղյակ էինք տարածված թռուցիկներից: Օրը շաբաթ էր, ցերեկային ժամերին, եւ բավականին մարդ էր հավաքվել: Ցույցի կազմակերպիչն էր Ազգային ինքնորոշում միավորումը: Որպես ականատես ասեմ, որ այն կայացավ բացառապես երջանկահիշատակ Մովսես Գորգիսյանի նվիրումի եւ եռանդի շնորհիվ՝ նա էլ հենց վարում էր ողջ ընթացքը: Այստեղ էին մեր ազնվագույն մտավորականները՝ Վարագ Առաքելյանն ու Ռաֆայել Իշխանյանը: Վերջինս միջացառման գլխավոր բանախոսն էր: Իշխանյանը խոսեց մայիսի 28-ի մոռացված գաղափարի կարեւորության եւ հայոց պետականության կերտողի՝ Արամ Մանուկյանի մասին, ինչպես նաեւ հայոց լեզվի պահպանման խնդիրների վերաբերյալ:

  http://sverigeapotek.se/

Մի պահ անսպասելի Օպերայի շենքի դռները բացվեցին, եւ հարթակ դուրս եկան իշխող Կոմունիստական կուսակցության կենտկոմի անդամները՝ ընդգծված թանկարժեք կոստյումներով ու փոխկապներով: Նրանք փորձում էին հորդորել ժողովրդին, որ ցրվեն: Անգամ իրենց հետ էին բերել բանաստեղծ Վահագն Դավթյանին: Սակայն այս ժողովրդին այլեւս էլ հնարավոր չէր խաբել: Նա չէր հավատում ժողովրդից բացարձակապես կրտված, կոռումպացված ու հղփացած կուսակցական ֆունկցիոներներին: Սկսվում էր Հայաստանի անկախության անդառնալի գործոընթացը՝ որը պետք է ավարտվեր 1991-ի սեպտեմբերի 21-ով:

 


 

Հեղինակ՝ Ռուբեն Շուխյան

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>